Տոհմածառ

Գլխավոր / Տոհմածառ

Տոհմագրություն, ծագումնաբանություն` հունարեն genealogia։ Ծագումնաբանությունը պատմության օժանդակ ուղղություններից է, որն առաջացել է 17-18-րդ դարերում։ Այն ուսումնասիրում է տոհմի և ընտանիքի ծագումը, պատմությունն ու ընտանեկան կապերը։

Տոհմագրությունը հիշողության առարկայացումն է, հարգանքի մատուցումը մեր նախնիներին և մեր ծագմանը: Այն օգնում է սերունդներին ունենալ սեփական տոհմի պատմությունը, նրանց դաստիարակել ազգային ինքնության ոգով:

Յուրաքանչյուր անձի ինքնության մեջ կարևորագույն դեր ունի այս կամ այն տոհմին պատկանելը, որը թույլ է տալիս հպարտանալ նախնիների ձեռքբերումներով, կատարած գործերով, պատասխանել այն հարցին՝ ով ենք մենք, որտեղից ենք սերում:

Այսօր տոհմի պատմության ուսումնասիրությունը, տոհմածառերի կազմումը ձեռք է բերել արտասովոր հետաքրքրություն: Հաճախ մենք նույնիսկ չենք էլ պատկերացնում, թե որքան հետաքրքիր տեղեկություններ են պահվում մեր նախնիների մասին ժամանակակից արխիվներում։

Հայաստանի ազգային արխիվում են պահպանվում 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդում կազմված աշխարհագրեր (մարդահամարի ցուցակներ), Հայ առաքելական եկեղեցու չափաբերական մատյաններ, վիճակագրական քարտեր ու գյուղատնտեսական տնաթերթիկներ, որոնք օգտագործվում են տոհմագրության աշխատանքներում:

Ռուսաստանի տիրապետության տակ Արևելյան Հայաստանի անցնելուց հետո հարկահավաքության նպատակով անցկացվել են մարդահամարներ, որոնք պարունակում են տեղեկություններ Արևելյան Հայաստանի գյուղերի բնակիչների, ընտանիքի կազմի, նրանց տարիքի, Արևմտյան Հայաստանից տեղափոխված լինելու և այլնի մասին:

Հայաստանում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին (բացառություն են կազմում Ղազախի գավառի 1917թ., 1925թ. և 1926թ. մարդահամարները): Այն կարող է հանդիսանալ տոհմագրության կազմման առաջին հիմքը, քանի որ աշխարհագրում նշվում է ընտանիքի անդամների տարիքը։

Տոհմագրության համար ամենավաղ ժամանակահատված կարող է դիտարկվել 1760-1770-ական թվականները: Հաջորդ մարդահամարներն անցկացվել են 1836թ., 1842թ., 1852թ., 1863թ., 1873թ., 1886թ.:

Մարդահամարի տեղեկություններից բացի Հայաստանի ազգային արխիվում պահպանվում են 19-րդ դարի կեսերից մինչև 1910-ական թվականների վերջն ընդգրկող եկեղեցիների չափաբերական մատյաններ, որոնցում քահանաներն ամեն տարի գրանցել են գյուղում եղած ծնունդները, ամուսնություններն ու մահերը:

Տոհմագրության շարքը շարունակվում է 1922-1923թթ․ և 1926թ. կազմված հողային վիճակագրության արդյունքներով` գյուղատնտեսական տնաթերթիկներով, որոնցում առկա են տեղեկություններ ընտանիքի կազմի, անդամների տարիքի, զբաղվածության, ունեցվածքի վերաբերյալ: Տնաթերթիկները վերաբերում են Խորհրդային Հայաստանի ամբողջ տարածքին:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) 1920-1925թթ․ փաստաթղթերը նույնպես կարևոր տեղեկություններ են պարունակում:

 

Հարգելի’ քաղաքացիներ,

Այսօր Հայաստանի ազգային արխիվը հնարավորություն է ընձեռում հայտնաբերել և ուսումնասիրել արխիվում առկա տվյալները ձեր նախնիների մասին և փոխանցել տեղեկատվությունը ձեր ժառանգներին։

Տոհմագրության շրջանակներում արխիվային փաստաթղթերի հիման վրա տրամադրվում է մասնագետների եզրակացություններ ձեր տոհմի ներկայացուցիչների ընտանեկան կյանքի նշանակալի փաստերի վերաբերյալ` ծնունդ, ամուսնություն, մկրտություն, կրթություն, սեփականություն, կրոնական պատկանելիություն և այլն։

Արխիվում հնարավոր է ուսումնասիրել․

  • ընտանիքների պատմությունը, ազգանվան ծագումը, դավանանքը, ընտանեկան ավանդույթներն ու ծեսերը,
  • տոհմին բնորոշ գծերը, հիմնական զբաղմունքներն ու հետաքրքրությունները,
  • բնակության վայրի փոփոխությունները, նախնիների ապրելաձևն ու կարողությունները,
  • հեռավոր հայտնի և անհայտ հարազատների միջև եղած ազգակցական կապերը և այլն։

Ծագումնաբանական ուսումնասիրությունների հիման վրա կազմված տոհմածառը ձեզ կտրամադրվի գծապատկերի տեսքով կամ ցանկության դեպքում այն կարող եք ձեռք բերել հատուկ ձեր տոհմի համար կազմված գրաֆիկական ծառի տեսքով։