Գրքի շնորհանդես Հայաստանի ազգային արխիվում

Գրքի շնորհանդես Հայաստանի ազգային արխիվում

2017 թ. մարտի 31-ին Հայաստանի ազգային արխիվում տեղի ունեցավ Բագրատ Զուրաբի Տավբերիձե- Մատինյանի «Батуми: История в лицах» գրքի շնորհանդեսը:

Հեղինակը համառոտ ներկայացրեց գրքի բովանդակությունը, ստեղծման դժվարին պատմությունը և իր խորհին շնորհակալությունը հայտնեց հովանավորներին և կազմակերպիչներին:

Միջոցառմանը իրենց ջերմ խոսքերով ելույթ ունեցան  Աջարիայում Հայաստանի նախկին հյուպատոս, ներկայումս ՀՀ արտաքին գործերի նախարարության բաժնի վարիչ Արամ Գրիգորյանը, Հայաստանում Վրաստանի դեսպանի առաջին քարտուղար Նինո Անցիաուրին: Ուշագրավն այն էր, որ վերջինս, լինելով վրացուհի, ներկաներին և հյուրերին ելույթը ներկայացրեց անթերի հայերենով: Այնուհետև ելույթ ունեցավ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը: Նա նույնպես ողջունեց և բարձր գնահատեց Բագրատ Տավբերիձեին կատարած հսկայածավալ աշխատանքի համար: Նշեց նաև, որ Բաթում քաղաքում ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ բացվել է Ալեքսանդր Մանթաշյանի անվան «Հայտուն» մշակութային կենտրոնը, որը կարող է համախմբել Բաթումի հայկական վաղեմի համայնքը:

Դահլիճում ներկա գտնվող բաթումահայերից շատերը հուզմունքով և ոգևորությամբ ցանկություն էին հայտնում իրենց երախտիքի խոսքը ասել գրքի հեղինակին` միաժամանակ հիշելով Բաթումում իրենց նախնիների և ծնողների ներդրումները հայապահպանության գործընթացում: Բաթումի առաջին հայկական դպրոցի տնօրեն Գառնիկ Մանավազյանի թոռնուհին` Մարիետա Կոնդակչյանը, հուզմունքով հիշեց պապին, որը օտար հողում 25 տարի շարունակ կրթել և դաստիարակել էր բազմաթիվ հայ մանուկների: Բաթումահայ ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանի փեսան` Արիստակես Բարսեղյանը նշեց, որ ճարտարապետի հեղինակած շինությունները մինչ այսօր շարունակում են կանգուն մնալ թե′ քաղաքի բնակիչների, թե′ բազմահազար զբոսաշրջիկների համար:

Միջոցառումը իրենց խոսքով ողջունեցին ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, վաստակավոր բաթումահայ բժիշկ Ստեփան Դիլանյանի դուստր Արաքսյա Դիլանյանը և շատ ուրիշներ: