Գարեգին Ա Հովսեփյանի (1867-1952) ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում

Գարեգին Ա Հովսեփյանի (1867-1952)  ծննդյան 150-ամյակին  նվիրված  միջոցառումներ Արցախի մայրաքաղաք  Ստեփանակերտում

2017թ. դեկտեմբերի 18-ին Արցախի Ստեփանակերտ քաղաքում  տեղի ունեցան երջանկահիշատակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, հայագետ, ձեռագրագետ, մատենագետ, հնագետ, պատմաբան, բանասեր, մշակութաբան, մանկավարժ, փիլիսոփայության և աստվածաբանության դոկտոր (1897թ.,Լայպցիգ), Հայաստանի գիտական ինստիտուտի (Վաղարշապատ)  գիտական անդամ (1921թ.), Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության Կովկասյան բաժանմունքի և Սանկտ Պետերբուրգի կայսերական հնագիտական ընկերության իսկական անդամ (1902թ.) Գարեգին Ա Հովսեփյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց իր անմիջական մասնակցությունն ունեցավ Հայաստանի ազգային արխիվը` ներկայացնելով «Գարեգին Հովսեփյանի կյանքն ու գործունեությունը» խորագրով արխիվային փաստաթղթերի, լուսանկարների ու անձնական  իրերի  ցուցահանդես:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության կառավարության անդամներ  և այլ բարձրաստիճան հյուրեր: Բացման հանդիսավոր խոսքով ելույթ ունեցան ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը,  ՀԱԱ տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Մայր Աթոռի արխիվի, ձեռագրատան և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ Հայր Պետրոս վարդապետ Մանուելյանը և Արցախի Պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը: Այնուհետև հյուրերն ու ներկա գտնվողները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ցուցադրությանը ներկայացված նյութերին` հետևելով ՀԱԱ տնօրեն պրն. Ա. Վիրաբյանի խոսքին:

Միջոցառումը շարունակվեց Ստեփանակերտի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, որտեղ տեղի ունեցավ Գարեգին Հովսեփյանի կյանքին ու գործունեությանը նվիրված երկհատորյակի շնորհանդես, փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն ու գիտական կոնֆերանս: Օրվա բանախոսները անդրադարձ կատարեցին Գարեգին Հովսեփյանի հոգեմտավոր ժառանգությանը ու կերպարին: Մեծարվեց ու հյուրերին ներկայացվեց Գարեգին Հովսեփյան մեծությունը, Արցախում ծնված, Ս. Էջմիածնում հոգևորականի կոչում ստացած, Գերմանիայում իր բարձրագույն ուսումն ստացած, իր ողջ կյանքը հայ հավատքին ու դպրությանը, մշակույթին ու հայրենիքին նվիրաբերած Մեծ հայի կերպարը: Իր կյանքն եղավ աղոթքով ու ծառայությամբ, գրիչով ու խոսքով կենդանի վկայություն ու գերագույն ընծայաբերում` ի փրկություն Ավետարանի ճշմարտության, Հայ եկեղեցու առաքելության, հայ մշակույթի ծաղկման, Հայաստանի անսասանության ու հայ ժողովրդի  հավերժության: