Եկեղեցին` ընտանեկան և տոհմական հիշողության պահոց» ցուցահանդեսի բացումը «Ավանդական արժեքներ – արդի մարտահրավերներ» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում

Եկեղեցին` ընտանեկան և տոհմական հիշողության պահոց» ցուցահանդեսի բացումը «Ավանդական արժեքներ – արդի մարտահրավերներ»  երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում

2018թ. մարտի 22-ին Մայր աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանում  տեղի ունեցավ «Եկեղեցին` ընտանեկան և տոհմական հիշողության պահոց» արխիվային բնագիր փաստաթղթերի ու նկարների ցուցահանդեսի բացումը: Ներկայացված փաստաթղթերը իրենց բովանդակությամբ լրացնում էին «Ավանդական արժեքներ- արդի մարտահրավերներ» խորագիրը կրող համաժողովի ելույթների թեմաները:

Ցուցահանդեսին ներկայացված արխիվային նյութը բովանդակալից էր: Ցուցադրված էին Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հայկական  և Հայաստանի ռուսական եկեղեցիների չափաբերական մատյաններ, ամուսնություններ թույլատրելու մասին խնդրագրեր, ծննդյան, ամուսնությունների և մահվան վկայականների գրանցամատյաններ, Ռուսաց կայսեր հրովարտակը չափաբերական մատյաններ ստեղծելու և դրանց վարման նոր կարգի մասին: Ցուցադրվել էին նաև Ախալքալաքի Սբ Խաչ հայկական եկեղեցու ծնունդների մատյանը, որտեղ գրանցված էր ՀՀ առաջին հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծնունդը, Պետերբուրգի հայկական եկեղեցու (գրանցված գեներալ Ալեքսանդր Ալեքսանդրյան Աղասի Բեկ Ավշարյանի մահը) և Մոսկվայի Սբ Խաչ եկեղեցու չափաբերական մատյանները (գրանցված Լազարյան ճեմարանի ներքին խորհրդական և Պետերբուրգի ու Մոսկվայի հայոց եկեղեցիների հոգաբարձու Խաչատուր Հովակիմի Լազարյանի մահը) և շատ այլ հետաքրքիր փաստաթղթեր:

Այնուհետև  միջոցառման հյուրերը մասնակցեցին «Ավանդական արժեքներ- արդի մարտահրավերներ» երրորդ միջազգային համաժողովին: Բացմանը ներկաներին   իրենց ողջույնի խոսքը ուղղեցին «Ինտեգրացիա և զարգացում»  Հ/կ նախագահ, քաղաքական մեկնաբան Ա. Վ.  Սաֆարյանը, ՀՀ –ում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր Դեսպան Ի. Կ. Վոլինկինը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Բ. Բաբուխանյանը և Կ.Կ. Ավագյանը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի սոցիալական գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի գործավարության բաժնի տնօրեն Տեր Արսեն քահանա Սարոյանը, Միջքրիստոնեական հարաբերությունների գծով Մոսկվայի Պատրիարքության արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի քարտուղար  իերոմանախ  Ստեֆան ( Իգուսնովը), Գյումրի քաղաքում Մոսկվայի և Համայն  Ռուսիո Պատրիարքական տարածքի վանահայր արխիմանդրիտ Անդրեյ (ՎԱՑ)-ը   և  Ռուս Ուղղափառ Եկեղեցու պաշտոնական կայքի  Патриархиа.ru առաջատար խմբագիր, Հյուսիսային Օսեթիայի- Ալանիայի Հանրապետության պատմության և հնագիտության ինստիտուտի գիտաշխատող դիակոն Դ. Հասրաթյանը և Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Ս. Ա.  Ռիբինսկին:

Ցուցահանդեսին ներկայացված նյութերը և գիտաժողովի մասնակիցների զեկույցները բազմաբնույթ էին, հետաքրքիր ու նաև ուսուցողական թե՛ ներկա գտնվողների համար, և թե՛ երիտասարդ սերնդի համար: