ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային արխիվի միջև կնքված պայմանագրի հիման վրա «Ցուցադրությունների կազմակերպում. ՀՀ գյուղերի 19-20-րդ դարերի պատմությունը» ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Այգեհովիտ սահմանամերձ գյուղում կազմակերպվել է գյուղի պատմությունը ներկայացնող ցուցադրություն:
Ցուցադրության բացումը տեղի է ունեցել 2021թ. հունիսի 25-ին՝ գյուղի դպրոցում։
Ներկայացվող փաստաթղթերը վերաբերում էին տեղի հողատարածքներին, վանքապատկան կալվածքներին, գյուղի կրթական օջախների, եկեղեցիների բացմանը, վերանորոգմանը, քահանաներ կարգելուն, պատմամշակութային հուշարձաններին՝ եկեղեցիներ, մատուռներ, հին գերեզմանատներ, խաչքարեր, տարբեր թվականներին բնակչության կազմին ու կենցաղին, ներկայացվել են ծխացուցակներ, մարդահամարի տվյալներ։
Ցուցադրության նպատակն է տեղի ազգաբնակչության, հատկապես երիտասարդ սերնդի շրջանում ամրապնդել ազգային ինքնագիտակցությունը, պատմական փաստերի միջոցով սերմանել հպարտություն ազգային պատկանելության ևպատասխանատվություն հայրենիքի նկատմամբ։
Ցուցահանդեսին իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Այգեհովիտի համայնքապետ Լևոն Գրիգորյանը, ՀԱԱ տնօրեն՝ Գրիգոր Արշակյանը:
Միջոցառմանը ներկա էին Այգեհովիտի դպրոցի տնօրենը, ուսուցիչներ,աշակերտներ, Ազգային արխիվի աշխատակիցներ և գյուղի բնակիչներ:
Ցուցանմուշները նվիրաբերվել են գյուղին, որոնք տեղադրվելու էին Այգեհովիտ գյուղի դպրոցի շենքում գործող թանգարանում` հետագայում այցեր կազմակերպելու և գյուղի պատմությանը նվիրված միջոցառումների ժամանակ օգտագործելու նպատակով: