Ցուցահանդես՝ նվիրված Խնձորեսկ գյուղի պատմությանը

Ցուցահանդես՝  նվիրված Խնձորեսկ գյուղի  պատմությանը

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային արխիվի միջև կնքված պայմանագրի հիման վրա «Ցուցադրությունների կազմակերպում. ՀՀ գյուղերի 19-20-րդ դարերի պատմությունը» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի սահմանամերձ Խնձորեսկ գյուղում Հայաստանի ազգային արխիվը ներկայացրել է գյուղի պատմությունն ու մշակույթն արտացոլող փաստաթղթերի ցուցադրություն։

Ցուցադրության բացումը տեղի է ունեցել 2021 թ.հուլիսի 1-ին Խնձորեսկի մշակույթի տանը։ Ցուցադրությունների բացմանը մասնակցել են համայնքապետարանների աշխատակիցները, դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, մարզպետարանների ներկայացուցիչները, գյուղի բնակիչները:

Արխիվային փաստաթղթերի միջոցով ներկայացվել է Խնձորեսկ գյուղի 19-20-րդ դարերի պատմությունը,տեղեկություններ գյուղի հիմնադրման, բնակչության թվաքանակի, եկեղեցիների, դպրոցի, պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ։ Ներկայացվող փաստաթղթերը վերաբերում էին տեղի հողատարածքներին, արոտավայրերին, վանքապատկան կալվածքներին, գյուղում դպրոցների, ուսումնարանների բացմանը, կրթական խնդիրներին, եկեղեցիների վերաբացմանը, վերանորոգմանը, քահանաներ կարգելուն, պատմամշակութային հուշարձաններին՝ եկեղեցիներ, հին գերեզմանատներ, մատուռներ, խաչքարեր, տարբեր թվականներին՝ բնակչության կազմին ու կենցաղին, ջրամատակարարմանը, էլեկտրակայանի կառուցմանը, ներկայացվել են ծխացուցակներ, մարդահամարի տվյալներ, վերաբնակեցված գաղթականների ցուցակներ:

Ցուցադրությունն ուներ ուսուցողական և ճանաչողական բնույթ։ Նպատակն էր ներկայացնել Սյունյաց աշխարհի Խնձորեսկ գյուղի պատմամշակութային հարուստ ժառանգությունը, հանրահռչակել տեղի պատմությունը, մշակույթը, բնակչության, հատկապես երիտասարդությանշրջանում ամրապնդել հայրենաճանաչությունն ու ազգային ինքնագիտակցությունը:

Ցուցանմուշները նվիրաբերվել են գյուղին, որոնք տեղադրվելու էին Խնձորեսկ գյուղի մշակույթի տանը` հետագայում այցեր կազմակերպելու և գյուղի պատմությանը նվիրված միջոցառումների ժամանակ օգտագործելու նպատակով: