2022 թ. փետրվարի 9-10 ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, որի շրջանակում Հայաստանի ազգային արխիվը կազմակերպել էր արխիվային փաստաթղթերի և լուսանկարների ցուցահանդես:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը, ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, ԻԻՀ-ում ՀՀ և ՀՀ-ում ԻԻՀ տարբեր տարիների դեսպաններ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, գիտնականներ, պատմաբաններ և այլ հյուրեր: ՀԱԱ տնօրեն Գրիգոր Արշակյանը ողջունեց ներկաներին, համառոտ ներկայացրեց փաստաթղթերի բովանդակությանը: Այնուհետև ՀԱԱ աշխատակցուհի Ազգանուշ Խաչատրյանը հյուրերին ծանոթացրեց ցուցադրված արխիվային նյութերին և լուսանկարներին:
Ցուցահանդեսին ներկայացված էին 1607-1704 թթ. Շահ Աբասի պարսկերեն հրովարտակները Քաշաթաղի հայ մելիքների հողային իրավունքների մասին, հայ- իրանական դիվանագիտական կապեր հաստատելու, բարեկամական, առևտրա-տնտեսական, մշակութային կապերի ու համագործակցության, բարձրագույն կրթության ծրագրերի հաստատման և շատ այլ արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ: