Համագործակցության հուշագիր «Հայաստանի ազգային արխիվ» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ների միջև

Համագործակցության հուշագիր  «Հայաստանի ազգային արխիվ» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն»  ՊՈԱԿ-ների  միջև
    Այսօր՝ ապրիլի 26-ին, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն ու «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով երկու կազմակերպությունների միջև լայն փոխգործակցություն է սահմանվում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ֆիլմերի պահպանման, թվայնացման և հանրահռչակման ուղղությամբ:
Խոսքն ինչպես խաղարկային (գեղարվեստական), այնպես էլ վավերագրական, անիմացիոն և խրո¬նիկալ կինոնկարների մասին է:
      Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային արխիվում՝ Կինոֆոտոֆոնո մասնաճյուղում, պահվում են տասնյակ հազարավոր ֆոտո և տեսաժապավեններ, որոնք այսուհետ կվերականգնվեն և կգործարկվեն համատեղ ջանքերով:
     Համաձայն հուշագրի՝ Ազգային արխիվը կինոկենտրոնին է տրամադրում հայկական կինոնկարների ելանյութային ժապավենները՝ թվային վերականգնման և կոմերցիոն ու ոչ կոմերցիոն նպատակներով օգտագործման համար: Պետական հոբելյանական միջոցառումների, միջազգային փառատոնների ներկայացվածության հարցն այսուհետ կորոշվի երկու կողմերի համատեղ գնահատմամբ: Ժապավենների սկանավորումից և վերականգնումից հետո Ազգային արխիվին կվերադարձվեն բնօրինակ և ձայնագրված երկու նոր օրինակներ։ Ազգային արխիվն իր տրամադրած նյութերի հանդեպ սահմանում է պայմանագրային վերահսկողություն՝ միաժամանակ շատ չմիջամտելով ազգային կինոկենտրոնի գործողություններին:
      Այսպիսով՝ հուշագրով նոր շունչ է հաղորդվելու տասնամյակներ շարունակ Ազգային արխիվի պահոցներում գտնվող հայկական տեսալսողական ֆիլմերին, հին ժապավեններին և լուսանկարներին: Դրանք հանձնվելու են պրոֆեսիոնալ մշակման՝ դյուրացնելով հայկական կինոնկարների հետագա ներկայացվածությունը: