ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի ազգային արխիվը կազմակերպում է ուսումնաճանաչողական այցելություններ ուսանողության, ավագ դպրոցի սաների համար, որոնց նպատակը Արխիվի աշխատանքի և արխիվային հարուստ հավաքածուների ներկայացումն ու ծանոթացումն է։
Համաշխարհայնացման սրընթաց գործընթացների պայմաններում առավել է կարևորվում երիտասարդության շրջանում ազգային արժեքների սերմանումն ու տարածումը։ Այդ գործընթացից անմասն չէ Հայաստանի ազգային արխիվը, մեկդարյա հաստատություն, որտեղ ամբարված հսկայածավալ արխիվային արժեքները համաշխարհային քաղաքակրթության անբաժանելի մասն են կազմում: Իրականացնելով Հայաստանի արխիվային հավաքածուի համալրումը, հաշվառումը, պահպանումն ու օգտագործումը, ՀՀ անունից մատուցելով ծառայություններ արխիվագիտության բնագավառում` Հայաստանի ազգային արխիվը փաստաթղթերի կարևորագույն սկզբնաղբյուր է, բացառիկ արժեք, ազգային ինքնության, պատմամշակութային ժառանգության, պատմական հիշողության պահպանման և փոխանցման անգերազանցելի օրրան։ Այստեղ են պահպանվում մեր երկրի պատմությանը, պատմական կաևորագույն իրադարձությունների, անհատների կյանքի ու գործունեության վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր, որոնց մի մասը համարվում են առանձնապես արժեքավոր (ՀՀ կառավարության, Հայաստանի առաջին Հանրապետության, Հայ ազգային պատվիրակության, Էջմիածնի Սուրբ լուսավորչական Սինոդի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիվանի, Անդրանիկ Օզանյանի, Կոմիտասի, Հովհաննես Այվազովսկու և այլ արխիվային հավաքածուներ)։
Ուսումնաճանաչողական այցելությունների ընթացքում երիտասարդները ոչ միայն կծանոթանան արխիվային այդ հարուստ ժառանգությանը, այլև հնարավորություն կունենան կազմելու իրենց տոհմագրությունը, դառնալ արխիվային յուրօրինակ հավաքածուների ականատեսն ու արխիվային հետաքրքիր աշխատանքի մասնակիցը։
Այցելության օր և ժամ պայմանավորվելու համար կարող եք զանգահարել 010-26-87-97 հեռախոսահամարով կամ գրել info@armarchive.am էլ․ փոստի հասցեին։