Սերգեյ Սարուխանյանը ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանին
Հայաստանի ազգային արխիվի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սարուխանյանը հյուրընկալել է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանին և Մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանին։
Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է Ազգային արխիվի և Մայր Աթոռի փոխհամագործակցության ամրապնդման կարևորությունը։
Կողմերը, քննարկելով հետագա համատեղ աշխատանքները, պատրաստակամություն են հայտնել շարունակել “Վավերագրեր հայոց եկեղեցու պատմության” փաստաթղթերի ժողովածուների շարքի համալրումն ու հրատարակումը։
Նախնական համաձայնություն է ձեռք բերվել Մայր Աթոռի մատենադարանում պահվող հնատիպ գրքերի վերանորոգման, կազմապատման և ախտահանման աշխատանքները ազգային արխիվում իրականացնելու շուրջ։