Հայաստանի առաջին հանրապետություն

Գլխավոր / Կատալոգներ / Հայաստանի առաջին հանրապետություն

Հայաստանի առաջին հանրապետության վերաբերյալ արխիվային փաստաթղթեր կարելի է գտնել Հայաստանի ազգային արխիվի հետևյալ ֆոնդերում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Դիվանի (ֆ. 57), պատմաբան, հայագետ, արևելագետ Հայկ Պերպերյանի (Բերբերյան)  (ֆ. 193),  Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտի (ֆ. 198), Հայաստանի առաջին հանրապետության նախարարների խորհրդի (ֆ. 199), Հայաստանի առաջին հանրապետության արտաքին գործերի նախարարության (ֆ. 200), Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարարության (ֆ. 201), Հայաստանի առաջին հանրապետության ֆինանսների նախարարության և  նրան կից առևտրաարդյունաբերական պալատի (ֆ. 202), Հայաստանի առաջին հանրապետության գյուղատնտեսության և պետական գույքի նախարարության  (ֆ. 203), Հայաստանի առաջին հանրապետության զինվորական նախարարության գլխավոր ռազմա- սանիտարական վարչության (ֆ. 205), Հայաստանի առաջին հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների  (ֆ. 275), Երևանի հայոց ազգային խորհրդի (ֆ. 289), Հայաստանի առաջին հանրապետության հանրային կրթության և արվեստի նախարարության  ու ենթակա հիմնարկների (ֆ. 307), Հայ ազգային պատվիրակության (ֆ. 430), իրավաբան Երվանդ Ջուհերյանի  (ֆ. 390):

Ներկայացվող արխիվային փաստաթղթերը թույլ են տալիս ծանոթանալ Առաջին հանրապետության կազմավորման գործընթացին, բավականին խորությամբ ուսումնասիրել մեզ համար կարևորագույն պատմական ժամանակաշրջանը: Ծանրագույն ժամանակահատվածում ձևավորված պետությունը ընդամենը երկու տարում կարողացավ կերտել իր կարճատև պատմական ուղին, որն իր թողած ժառանգությունով այսօր էլ ուսումնասիրության, հանրայնացման, դաստիարակության և դասեր քաղելու մեծ շտեմարան է:  Արխիվային փաստաթղթերը բովանդակային առումով շատ բազմաշերտ են: Դրանք  վերաբերում են Առաջին հանրապետության Կառավարության և Պառլամենտի կազմի ձևավորումից  մինչև դիվանագիտական կապերի հաստատմանը, այդ ժամանակահատվածում կնքված պայմանագրերին,   ընդունված օրենքներին, գաղթականության ծայրահեղ ծանր պայմանների խնդիրների լուծմանը, ինքնապաշտպանության, տնտեսական բարեփոխումների և այլ շատ հարցերի՝ պահպանված օրենքների, գրությունների, հրամանների, որոշումների, արձանագրությունների, շրջաբերականների, նամակների, հեռագրերի, կոչերի տեսքով: