Հազվագյուտ փաստաթղթեր

Գլխավոր / Կատալոգներ / Հազվագյուտ փաստաթղթեր

Արխիվային փաստաթղթերը հազվագյուտ և առանձնապես արժեքավոր ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 14․07․2005 թվականի թիվ 1111-Ն որոշումով հաստատված մի շարք չափանիշներով։  Արխիվային փաստաթղթերն առանձնապես արժեքավոր ճանաչելու չափանիշներն են՝

ա) արխիվային փաստաթուղթ առաջացնող կազմակերպության տեղն ու դերը պետական կառավարման համակարգում կամ որոշակի բնագավառում, իսկ անձնական ծագման փաստաթղթերի դեպքում՝ ֆիզիկական անձի կարևորությունը հասարակական կյանքում,
բ) փաստաթղթի ստեղծման ժամանակը և վայրը (տեղը),
գ) փաստաթղթի բովանդակած տեղեկատվության կարևորությունը,
դ) փաստաթղթի արտաքին առանձնահատկությունները,
ե) փաստաթղթի գեղարվեստական, հնագրագիտական, լեզվական առանձնահատկությունները, զինանշանների, կնիքների և դրոշմակնիքների, խորհրդանշանների առկայությունը։

Արխիվային փաստաթղթերը հազվագյուտ ճանաչելու չափանիշներն են՝

ա) փաստաթղթի հնությունը (ծագման վաղեմությունը).
բ) փաստաթղթի իսկությունը.
գ) փաստաթղթի պատմամշակութային նշանակության անվիճարկելիությունը.
դ) փաստաթղթի հրապարակայնությունը.
ե) փաստաթղթի բարձր նյութական արժեքը.
զ) փաստաթղթի առնչությունը պատմական իրադարձությանը.
է) փաստաթղթի առնչությունը պատմական անհատին.
ը) փաստաթղթի իրավական նշանակությունը.
թ) փաստաթղթի գեղարվեստական և այլ ձևավորման առանձնահատկությունները։

Արխիվային փաստաթղթերն առանձնապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչվում են դրանց փորձաքննությամբ արժեքավորելուց և պետական, համայնքային կամ պետական մարմինների աշխատակազմի արխիվներ պահպանության հանձնելուց հետո: Մինչև 1828 թվականն առաջացած բոլոր արխիվային փաստաթղթերը` առանց փորձաքննությամբ արժեքավորման, ճանաչվում են հազվագյուտ և առանձնապես արժեքավոր փաստաթղթեր։
Հայաստանի ազգային արխիվում արխիվային հավաքածուի մաս են կազմում հազվագյուտ և առանձնապես արժեքավոր փաստաթղթերը, որոնք հանդիպում են շուրջ երեսուն ինը (39) ֆոնդերում։