Թվայնացում

Գլխավոր / Թվայնացում

1. Փաստաթղթերի և ֆոտոնկարների թվայնացում,

2. Միկրոֆիլմերի և միկրոժապավենների թվայնացում։

 

Հայաստանի ազգային արխիվը թվայնացման աշխատանքները սկսել է իրականացնել դեռ 2009 թվականից, սկզբում փորձնական ծրագրով, ապա՝ հիմնական, և ունի բազմամյա փորձ տվյալ բնագավառում։ Մինչ օրս թվայնացվել է  825․000-ից ավելի փաստաթուղթ։

Հայաստանի ազգային արխիվի շուրջ 1800 ֆոնդերում  պահվում է 350 միլիոն թղթե կրիչով փաստաթուղթ։

Թվայնացման ընդհանուր գործընթացը մեզ հնարավորություն է տալիս պահպանել բնօրինակ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, դրանց օգտագործումը սահմանափակել և օգտվել թվայնացված պատճեններից, արագացնել աշխատակիցների աշխատանքը, դարձնել այն առավել արդյունավետ։ Հայաստանի ազգային արխիվում թվայնացման գործընթացն իրականացվում է երկու, իրենց կարևորությամբ մեկը մյուսին չզիջող գործընթացների միջոցով՝ քարտագրում և սկանավորում։

Քարտագրումը փաստաթղթի համառոտ բովանդակության նկարագրությունն է՝ քարտի տեսքով։ Քարտն իրենից ներկայացնում է փաստաթղթի տվյալների (ստեղծման տեղի, ժամանակի, տեսակի, իսկության, լեզվի, ստեղծողի և հասցեատիրոջ, փաստաթղթում նշված իրադարձությունների, փնտրման ուղիների) ներմուծման և համառոտ բովանդակության ու բանալի բառերի (հիշատակվող անձիք, տեղանուններ, որոնման այլ բառեր) ներառում:

Սկանավորումն արխիվային փաստաթղթերի, նկարների էլեկտրոնային պատճենների ստեղծումն է՝ սկաներների միջոցով։ Սկանավորված փաստաթղթերը կցվում են նույն  հիմքով (ֆոնդ, ցուցակ, գործ, թերթ), համանուն բովանդակությամբ կազմված քարտին, որպեսզի հնարավոր լինի բովանդակային և բանալի բառերի փնտրման միջոցով հայտնաբերել տվյալ փաստաթղթի բովանդակությամբ քարտը և դրան կից դիտել նրա էլեկտրոնային պատճեն։

Հայաստանի ազգային արխիվը ներկա պահին ունի թվով 15 ժամանակակից սկաներներ՝ նախատեսված արխիվային փաստաթղթերի, գրքերի, լայնաֆորմատ նախագծերի և քարտեզների սկանավորման համար, որոնք ունեն հնարավորություն սկանավորելու տարբեր ֆորմատներով։ Կան նաև միկրոժապավենների և ֆիլմերի թվայնացման համար նախատեսված սարքավորումներ, որոնց միջոցով թվայնացվում են համապատասխան կինոֆոտոփաստաթղթերը։

Հայաստանի ազգային արխիվը տվյալ բաժնի գործառույթների շրջանակներում  վճարովի հիմունքներով կարող է ընդունել թվայնացման պատվերներ JPEG, TIFF, PDF ֆորմատներով: Մեզ համար հասանելի է նաև OCR ծրագրի համադրությամբ PDF բազմաէջ ֆայլ ստեղծելու ձևաչափը։

 

1․ Փաստաթղթերի և ֆոտոնկարների թվայնացում

Փաստաթղթերի և ֆոտոնկարների թվայնացումը բաղկացած է հետևյալ փուլերից՝

  • փաստաթղթերի և նկարների բնօրինակների պատրաստում թվայնացման համար՝ ֆիզիկական վիճակի ստուգում, համարակալում և այլն,
  • սկաների նախապատրաստում թվայնացման աշխատանքների համար՝ լույսի, սկանավորման հարթակի կարգավորում, համապատասխանեցում տվյալ փաստաթղթի, կամ նկարի տեսակին,
  • փաստաթղթերի թվայնացված ֆայլերի մշակում և վերանվանում։

Թվայնացման գործընթացն իրականացնում են ՏՏ և էլ․ շտեմարանի ստեղծման բաժնի փորձառու աշխատակիցները։ Գործընթացն իրականացնելիս հաշվի են առնվում գոյություն ունեցող միջազգային փորձն ու չափանիշները։ Սկանավորումն իրականացվում է 300-1200 DPI կետայնությամբ՝ կախված փաստաթղթի ֆիզիկական հատկանիշներից, չափսերից, որակից, նպատակից և պահանջներից։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ թվայնացված պատճենները պահվում են սերվերում և օգտագործվում ըստ պահանջի։

 

 

2․ Միկրոֆիլմերի և ժապավենների թվայնացում

 Կինոփաստաթղթերի (կինոնկարներ, խրոնիկա, անիմացիոն ֆիլմեր) թվայնացում

Կինոփաստաթղթերի թվայնացումը բաղկացած է հետևյալ փուլերից՝

  • կինոժապավենների պատրաստում թվայնացման համար՝ մաքրում, վերափաթաթում, խոնավության և չորության ստուգում, անհրաժեշտության դեպքում վերանորոգում,
  • կինոթվայնացման սարքավորումների (թվայնացման ապարատուրա, համակարգիչներ) նախապատրաստում, ծրագրերի ստուգում, տեխնիկական կարգավորում,
  • կինոփաստաթղթերի թվայնացում, կադրերի համապատասխանեցում պատկերին և ձայնին, համակարգչային ծրագրերով թվայանցված ֆայլերի մոնտաժում,
  • թվայնացված կինոփաստաթղթերի վերջնական արդյունքների տեղափոխում սերվեր:

 

Ֆոտոփաստաթղթերի (պոզիտիվ, ժապավենային, ապակյա հիմքերով) թվայնացում

  • Ֆոտոփաստաթղթերի ընտրություն, պատվիրում, նախապատրաստում թվայնացման համար՝ ըստ պատմա-մշակութային արժեքի ու հասարակական-քաղաքական նշանակության, ֆիզիկական վիճակի ստուգում,
  • սկաների նախապատրաստում թվայնացման աշխատանքների համար՝ լույսի, սկանավորման հարթակի կարգավորում, համապատասխանեցում տվյալ ֆոտոփաստաթղթի տեսակին։
  • ֆոտոփաստաթղթերի թվայնացում 300-1200 DPI կետայնությամբ՝ կախված փաստաթղթի ֆիզիկական հատկանիշներից, չափսերից, որակից, նպատակից և պահանջներից,
  • թվայնացված ֆոտոփաստաթղթերի տեղափոխում սերվեր։