Նկարագրություն
Արձանագրությունում քննարկվում է Յակով Զարոբյանի նամակը, որտեղ ներկայացվում են 1915 թ. հայերի զանգվածային բնաջնջման 50 –ամյա տարելիցի հետ կապված միջոցառումների հարցերը: Նշվում է՝ 1915 թ. առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի երեք միլիոն հայ բնակչության տեղահանվելու, հետապնդվելու ու ոչնչացվելու մասին: Սուլթանական Թուրքիայի այդ որոշումը նամակում որակվում է որպես ցեղասպանություն: Համառոտ նեկայացվում է 1870- 90թթ. Աբդուլ – Համիդ սուլթանի կողմից կազմակերպված կոտորածները: Նշվում է նաև, որ կոտորվել է հայ մտավորականությունը՝ գրողներ Զոհրապը, Վարուժանը, Սիամանթոն, հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը, ցեղասպանության ժամանակ ոչնչացվել է մոտ 1,5 մլն. հայ, մոտ այդքան էլ գաղթել են: Այդ հրեշավոր ցեղասպանության փաստը դատապարտել են Վ. Ի. Լենինը, Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը, Անատոլ Ֆրանսը: Նամակի վերջում նշվում է նաև հայրենադարձության հարցերի մասին, այն մասին, որ շատ սփյուռքահայեր իրենց ապագան տեսնում են Խորհրդային Հայաստանում: Շեշտվում է , որ Սփյուռքում պատրաստվում են նշել Մեծ Եղեռնի 50 – ամյակը, լույս է տեսնելու այդ հարցի վերաբերյալ գրականություն: 1965 թ. Երևանում նախատեսվում է անցկացնել ժողով՝ նվիրված ցեղասպանության 50- ամյակին, որին պետք է հրավիրել սփյուռքահայերի առաջադեմ կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նշվում է նաև Երևանում առաջին աշխարհամարտում զոհված հայերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու մասին:
ՀԱԱ, ֆ. 1, ց. 44, գ. 54 , թ. 61-65, պատճեն, մեքենագիր, ռուսերեն